Նորություններ
Տպել


Մարտի 15 ԵՊՀ-ի կենտրոնական մասնաշենքի Մեծ դահլիճում հայ ամերիկյան դիվանագիտական հարաբերությունների 20-ամյակի շրջանակներում տեղի ունեցավ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի համերգը: Նվագախումբը Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան հետ հանդես եկավ «Երիտասարդները երիտասարդների համար-Hollywood Non-stop» համատեղ նախագծով:

Ծրագրում հնչեցին համաշխարհային ճանաչում ունեցող հոլիվուդյան կինոերաժշտության վառ ներկայացուցիչներ Ջոն Ուիլյամսի, Էնիո Մորիկոնեի, Նինո Ռոտայի, Հանս Ցիմմերի, Ջորջ Գերշվինի և այլոց ստեղծագործությունները:

«Այս համատեղ ծրագրի նպատակն է մատչելի և հասանելի երաժշտությամբ երիտասարդներին ուղղորդել դեպի դասական երաժշտություն: Նման յուրօրինակ և հետաքրքիր միջոցառումները, կարծում եմ լավագույն միջոցն ու բանալին են երիտասարդներին մատուցելու բարձրաճաշակ երաժշտություն, որը կնպաստի դասական երաժշտության տարածմանը, այն գնահատելու ունակությանն ու գրագիտությանը»,-նշում է Պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը:

Համերգի ընթացքում ուսանողները ունկնդրեցին այնպիսի հայտնի հոլիվուդյան ֆիլմերի սաունդթրեքեր, ինչպիսիք են «Կնքահայր»«Խիզախ սիրտը»«Կարիբյան ծովի ծովահեններ»«Հարրի Փոթեր»«Ռոմեո և Ջուլիետ»«Մատանիների տիրակալը»«Աստղային պատերազմներ» և այլն:  Նվագախմբի ելույթը ջերմորեն ընդունվեց երիտասարդ ուսանողների կողմից և բարձր գնահատանքի արժանացավ: 

Նվագախումբը ստեղծվել է 2005 թ. և իր գոյության կարճ ժամանակահատվածում արդեն հասցրել է հանդես գալ բազմաթիվ համերգներով  թե Հայաստանում, թե Հայաստանից դուրս: Նվագախումբը Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ ելույթ է ունեցել աշխարհի հանրահայտ համերգասրահներում՝ Opera Garnier (Փարիզ), Konzerthaus (Բեռլին), Dr. Anton Philipszaal (Հաագա), Palais des Beaux-Arts(Բրյուսել), Չայկովսկու անվան ֆիլհարմոնիայի և Կոնսերվատորիայի մեծ համերգասահ (Մոսկվա): Համագործակցել է  աշխարհահռչակ երաժիշտներ Վալերի Գերգիևի, Վլադիմիր Սպիվակովի, Մաքսիմ Վենգերովի, Դենիս Մացուևի, Քշիշտոֆ Պենդերեցկու, Վահագն Պապյանի և այլոց հետ: Մասնակցել է մի շարք  միջազգային փառատոնների՝ «Մոսկովյան Զատկի փառատոն» (Մոսկվա), «YOUNG EURO CLASSIC» (Բեռլին), «Young Classic Wratislavia» (Վրոցլավ) և այլն:

Երիտասարդ նվագախումբը պարբերաբար նախաձեռնում և իրականացնում է բարեգործական միջոցառումներ Հայաստանում և արտերկրում, համագործակցում է ժամանակակից կոմպոզիտորների հետ:

2010 թ.-ից Հայաստանի պետական նվագախմբի նախաձեռնությամբ անց է կացվում Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը՝ ՀՀ Նախագահի բարձր հովանու ներքո:

Այս համատեղ նախագծով նվագախումը հանդես կգա նաև Երևանի այլ բարձրագույն ուսումնական հաստատություններում:

 

 


Վերադառնալ
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am