Նորություններ
Տպել

 

 Մարտի 6-ին Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի նախասրահում բացվեց Կանանց միջազգային օրվան նվիրված «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» բարեգործական ցուցահանդես-տոնավաճառը: Ցուցահանդեսը կազմակերպվել է ՀՀ սփյուռքի նախարարության՝ «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի շնորհիվ և ԵՊՀ-ի աջակցությամբ:

 Ցուցահանդես-տոնավաճառի բացմանը ներկա էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը: Ներկայացված էին 60-ից ավելի սիրիահայերի ձեռագործ աշխատանքներ, ոսկերչական իրեր, քաղցրավենիք և այլ ուտեստներ: Նախարարը նախ շրջեց տաղավարներով, անձամբ ծանոթացավ սիրիահայերի աշխատանքներին, բարձր գնահատեց նրանց տաղանդն ու աշխատասիրությունը, սպասարկման բարձր մշակույթն ու մատուցման ինքնատիպ ոճը:  Հ. Հակոբյանը իր հիացմունքը հայտնեց հատկապես ձեռագործ աշխատանքների և նրբաճաշակ արծաթյա իրերի վերաբերյալ:

 «Նմանատիպ միջոցառումներով մենք ցանկանում ենք, որ սիրիահայերը Հայրենիքում ճանաչելի դառնան, նրանց աշխատանքները հասարակությանը ներկայացնենք և հասարակության հետ ինտեգրումը հեշտացնենք: Այսպես մենք օգնում ենք, պայմաններ ենք ստեղծում, որ ապրանքները վաճառվեն, ապրելու առումով հոգսն ինչ-որ կերպ թեթևացնեն: Մաղթում եմ, որ աշխատանքի նկատմամբ նրանց նվիրվածությունը պահպանվի և նույն սիրով շարունակեն աշխատել: Իսկ Կանանց միջազգային օրվա առթիվ շնորհավորում եմ բոլոր  հայ կանանցնրանք են հայ ընտանիքի, հայ տեսակի, մշակույթի պահապանները, մաղթում եմ, որ հայ կանայք  միշտ կարողանան պահպանել իրենց բնորոշ կեսասիրությունն ու ստեղծագործ ոգին շենացնելով իրենց օջախն ու Հայրենիքը».-ներկաներին հետ զրույցում նշեց նախարարը:

 ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն էլ իր հերթին նշեց, որ այդպիսի միջոցառումներ հաճախ է պետք անցկացնել, որպեսզի սիրիահայերը կարողանան հարմարվել այստեղի շուկայական միջավայրին: Նրա խոսքով, գուցե մի քիչ արտասովոր է, որ բուհում այսպիսի բան է կազմակերպվում, բայց կարևորը նման կերպ օգնում ենք մեր հայրենակիցներին վաճառելու իրենց արդար քրտինքով ստեղծածը:

 Հավելենք, որ Կանանց միջազգային օրվան նվիրված ցուցահանդես-տոնավաճառը կգործի մարտի 6-7-ը, ժ.10:00-19:00:


Վերադառնալ
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am